Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Հույս ունենք, որ մի դուռ կբացվի մեզ համար»

«Հույս ունենք, որ մի դուռ կբացվի մեզ համար»
25.12.2015 | 01:12

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: Երեկոն ոչ միայն հրաշալի նվեր էր սիրված կոմպոզիտորին, այլև մի գեղեցիկ շտրիխ ավելացրեց քոլեջի պատմության մեջ: Համերգը հավաստեց, որ քոլեջը վերագտնում է իր երբեմնի համբավը։ Ինչ-ինչ պատճառներով փոքր-ինչ խամրած:
Արվեստի քոլեջը, որը ստեղծվել է 1979-ին (հիմնադիր տնօրեն` երաժիշտ, ջազմեն Ակսել Բակունց)` որպես այն ժամանակվա «Հայհամերգին» կից «Էստրադային ստուդիա» և այնուհետև դարձել Էստրադային և ջազային արվեստի քոլեջ, ավելի քան 3000 քմ տարածք էր զբաղեցնում քաղաքաշինական ջարդի զոհ դարձած Երիտասարդական պալատի շենքում: Կրթական հաստատությունն ուներ մեծ դահլիճ, բազմաթիվ լսարաններ, հարմարավետ էր ուսումնական և ստեղծագործական աշխատանքների համար:
Այսօր Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը տեղակայված է մի շենքում, որի միայն մեկուկես հարկն է զբաղեցնում: Ըստ տնօրեն ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ` քոլեջին տրամադրված ընդհանուր տարածքը կազմում է 800 քմ` նախկինի ընդամենը մեկ չորրորդ մասը, և բավարար չէ ուսումնական գործընթացը արդյունավետ իրականացնելու համար: Նա նշեց մի շարք խնդիրներ, որոնք ծագում են հիմնականում տարածքի պատճառով: «Մեծ դժվարություններ կան մասնագիտական անհատական դասաժամերը կազմակերպելու հարցում: Ժամը 12-ից մեզ մոտ իսկական աղետ է սկսվում: Չգիտենք` ում որտեղ տեղավորենք: Պատկերացրեք` մի քանի մասնագիտական առարկաներ պահանջում են առանձին դասասենյակներ, իսկ մենք չունենք այդ հնարավորությունը: Մի կերպ հարցը կարգավորում ենք, բայց դրանից տուժում է ուսանողը, խախտվում է լիարժեք պարապելու ուսանողի իրավունքը: Նույնիսկ աշխատասենյակներն ենք դարձրել լսարաններ, տեղադրել դաշնամուր: Այդպես երկու-երեք աշխատասենյակ վերածել ենք դասասենյակի, բեմի հետևում ունեինք մի փոքրիկ սենյակ, դա էլ ենք սարքել լսարան, դահլիճի վերջում մի փոքր տեղ կար` դա էլ: Մի խոսքով, ինչը հնարավոր էր դասասենյակ դարձնել, դարձրել ենք, բայց, միևնույն է, չի բավականացնում: Պատկերացրեք` դասերը հաճախ անցկացնում եմ իմ աշխատասենյակում»,- ասաց տնօրենը:
Լևոն Սահակյանը, ով քոլեջի տնօրեն է 2014-ի փետրվարի 1-ից, ցանկանում է քոլեջը տեսնել այնպիսին, ինչպիսին եղել է, այսպես ասած, բարի ժամանակներում: Եվ դեռ ավելին: Իր խոսքով` քոլեջը կարող է դառնալ մի յուրօրինակ կրթարան, որը հանրությանը կտա նույնքան տաղանդավոր երաժիշտներ, որպիսիք եղել են նախկինում (Էռնա Յուզբաշյան, Սյուզան Մարգարյան, Էմմա Պետրոսյան, Նունե Եսայան, Վարդան Գաբոյան, երաժշտասերներին հայտնի այլ անուններ): Սահակյանը նշեց նաև, որ վերջին մեկ-երկու տարում ավելացել է ուսանողների թիվը, քոլեջում բացվել են նոր բաժիններ: «Եթե նախկինում ունեինք 80-90, հիմա ունենք 144 ուսանող: Փառք Աստծո, այսօր կա դիմորդների հոսք»,- ասաց տնօրենը: Քոլեջում փոքր-ինչ վերանայվել են սկզբունքները` ուսումնական ծրագրի առումով, փորձ է արվում էստրադային և ջազային նախասիրություն ունեցող ուսանողներին տանել դեպի հայկական երաժշտության ակունքները, քանի որ դեռևս կան դիմորդներ, որոնք չգիտեն, օրինակ, ով է Կոմիտասը: «Սկզբում դիմադրելով, հետո արդեն հաճույքով ուսանողները երգում են նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երբ նրանք խորանում են հայկական երաժշտության մեջ, զգում են, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա: ՈՒնենք հրաշալի կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները տարիներ շարունակ հնչել են, սակայն այսօր կարծես մոռացության են մատնվել: Փորձում ենք ամեն ինչ տալ մեր ուսանողին, որպեսզի այստեղից դուրս գալուց հետո կարողանա բարձր որակի, ճաշակով երաժշտություն մատուցել: Ես դեմ չեմ ոչ մի տեսակի երաժշտության, բայց ամեն երաժշտություն իր հնչելու տեղն ունի. ռեստորանային երաժշտությունը թող հնչի ռեստորանում, ակումբայինը` ակումբում, իսկ եթերում և բարձր բեմերում պետք է բարձր որակի, ճիշտ երաժշտություն հնչի, որպեսզի ունենանք երաժշտական առումով գրագետ, ճիշտ դաստիարակված սերունդ»,- ասաց Լևոն Սահակյանը:
Քոլեջում փոխվել են նաև դասավանդման մեթոդները: Օրինակ, վոկալի բաժնի ուսանողների համար դասերն անցնում են կենդանի նվագակցությամբ, նույնն էլ` ընդունելության քննությունների ժամանակ: Դիմորդները մեկուկես ամիս անվճար կոնսուլտացաների հնարավորություն են ստանում, որոնց ընթացքում աշխատում են դաշնակահարների հետ և քննությունը հանձնում կենդանի նվագակցությամբ: Երրորդ-չորրորդ կուրսում է միայն ուսանողին թույլ տրվում ոչ կենդանի նվագակցությամբ` «մինուսով» ինչ-որ բան անել:
Քոլեջի ուսանողները գոհ են, որ այստեղ դասավանդում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, և հպարտ, որ կարող են ոչ միայն շփվել հայտնի անունների հետ, այլև սովորել նրանցից: Քոլեջում դասավանդում է և գեղարվեստական մասի գծով տնօրենի խորհրդականն է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ժողովրդական վոկալի բաժնում աշխատում է Ռուբեն Մաթևոսյանը: Այս տարի փոփոխություններ են կատարվել գործիքային բաժնում, աշխատանքի են հրավիրվել հանրությանը հայտնի կիթառահար Վարդան Գաբոյանը, բասկիթառահար Գագիկ Թորոյանը, դաշնակահար Խաչիկ Սահակյանը: Տարիներ շարունակ այստեղ սոլֆեջո, հարմոնիա է դասավանդում կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանը: Քոլեջը նաև վոկալի լավ դասախոսներ ունի:
Ի դեպ, ուսանողները նույնպես ցավով նշեցին շենքային պայմանների մասին: Փոքր տարածքը և ինչ-որ տեղ նաև գտնվելու վայրը (Շենգավիթ վարչական տարածք) ուսանողների համար ոչ միայն անհարմարություններ են ստեղծում լիարժեք գիտելիքներ ստանալու հարցում, այլև զրկում ուսանողական հագեցած կյանք ունենալու հնարավորությունից: Նրանք փափագում են, որ նոր, հարմարավետ տարածք տեղափոխվելու մասին խոսակցությունները, որոնք դեռևս բարի ցանկությունից այն կողմ չեն անցնում, մի օր իրականություն դառնան: Նույն ցանկությունն է փայփայում նաև քոլեջի տնօրենը. «Հույս ունենք, որ մի դուռ կբացվի մեզ համար»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ